Արդյո՞ք մուտքային հանգույցը միայն շենքի հասանելիությունը ապահովող տարր է, թե՞ իրարից միանգամայն տարբեր երկու տարածությունների միջև ընկած միջավայր: Միջավայր, որ պիտի համատեղի՞ այդ տարածությունները, թե՞ տարանջատի միմյանցից: 
Հայտարարված մրցույթը կոնցեպտուալ լինելը հնարավորություն կտա ամենքին գտնելու մուտքային հանգույցի վերաբերյալ իր համար առաջնային խնդիրները: Ստեղծագործական հենց այս ազատությունը չսահմանափակելու համար էլ չկան նախագծի վերաբերյալ հատուկ պահանջներ. յուրաքանչյուրը կարող է առաջ քաշել իր կարծիքով առաջնային խնդիրները և ճարտարապետական արդյունավետ լուծումներով շեշտել դրանց կարևորությունը: Մուտքային հանգույցի տվյալ լուծումով մասնակիցը ինքը կորոշի շենքի հասարակական տարածությունների կառուցվածքը և մուտքի շեշտվածության աստիճանը շենքի ընդհանուր ճարտարապետւթյան մեջ: Շենքը հասարակական լինելը մուտքային հանգույցի ավելի քան ճշգրիտ լուծում է ենթադրում, քանի որ հենց այստեղ է որոշվում շենքի ապագա աշխատանքի սխեման, տարածությունների փոխներդաշնակությունը: 
Եթե փորձենք դիտարկել դասական ճարտարապետության մասսիվ շքամուտքերը, ապա դրանք կարելի է մեկնաբանել` ելնելով իրենց տարածական հատկություններից: Օրինակ` շքամուտքը կազմող բազմաթիվ աստիճանները բացի շենքին արտաքին մոնումենտալություն հաղորդելը, նաև ստեղծում էին որոշակի հարթություն, որը պատկանում էր և շենքին, և նրա շրջակա միջավայրին` այսպիսով մեղմացնելով և բարդացնելով անցումը դեպի շենք:    
Չմոռանանք նաև, որ տվյալ օրինակում մուտքային հանգույցը, մասշտաբներից ելնելով, պետք է իրեն դրսևորի որպես շենքի ճակատ: Այստեղ հարց է առաջանում շենքի կառուցվածքի մեջ ճակատային մակերևույթի դերի մասին: Արդյոք այն բացի ճարտարապետական պլաստիկայից կարող է նաև տարածական դեր կատարել և ավելի մատչելի և մտածված դարձնել անցումը դեպի շենքի ներքին միջավայր: 
Ձեր առաջարկում իբրև հիմք կարող են ծառայել թե Պալլադիոյի վերածծնդյան շքեղ մուտքերը և թե ամերիկյան տիպային մենատները. որոնք, չնայած իրենց արտաքին պարզությանը, ունեն մուտքի լուծման հետաքրքիր դիագրամմա: Մուտքային հագնույցը այսպիսի տներում սովորաբար իրենից ներկայացնում է աստիճաններով փոքր "պորտիկ", որը վերածվում է լայն բաց պատշգամբի, որից մտնում են նախամուտք, որը բացվում է դեպի նախասրահ, որն իր հերթին միացված է հյուրասենյակին, որն էլ հենց տան հիմնական հասարակական վայրն է: Տարածությունների այս փոխդասավորվածության սխեման կարող է ավելի մեց մասշտաբի շենքի տարածությունների լուծման մոդել հանդիսանալ: Տարածությունները գուցե հենց այս վերնագրերը չունենան, սակայն կունենան հասարակականից անհատականի այս հերարխիկ անցումը: 
Այսպիսով, գուցե և գտնվի մուտքային հանգույցի նոր տիպարային տարբերակ, մուտքային տարածության մի բանաձև, որը կարող է ճարտարապետական հետագա բազում լուծումնեիր հիմք հանդիսանալ:     


No comments:
Post a Comment